Մեր ամուսնական առաջին գիշերը Սալոմեն պիտի մնար քրոջս սենյակում։ Մի ամիս կխաղանք այր ու կին, ապա կասենք, որ բաժանվում ենք։ Հետո որոշեցինք, ավելի հետաքրքիր ու ցնցող կլինի, եթե հենց հարսանյաց հանդեսին անակնկալ մատուցենք մեր հարազատներին։
Առհասարակ մեր ամուսնությունը շատ հետաքրքիր պատմություն ուներ։ Երկուսիս ծնողներն էլ ուզում էին մեզ պսակել, որպեսզի «պսակվեն» նաև նրանց բիզնեսները։ Եղբորս՝ Գարիկին, երբեք չէին կարող ստիպել, իսկ ինձ․․․ թուլամորթիս այնքան ասացին, կրկնեցին, որ երազումս էլ լսում էի․ «Անպայման պիտի ամուսնանաս Սալոմեյի հետ»։ Ինչու՞ առանց ամուսնության անհնար էր միություն կազմել։ Ինչպո՞ս երկու խարդախություն պիտի համագործակցեին։
Սկզբում երկուսս էլ ընդունեցինք նման որոշումը թշնամաբար․ սակայն հետո երբ մոտիկից ծանոթացանք, անկեղծորեն խոսեցինք, դուրս եկավ երկուսս էլ համամիտ ենք մեր ծնողների սխալ որոշման մեջ։ «Արի ձևացնենք, որ համաձայն ենք»,—առաջարկեց նա ու այտի վրա փոսիկ գոյացավ։
Այսպես մենք հաջողությամբ խաղացինք մեր դերը շրջապատի աչքերում։ Քանի որ ստիպված էինք ժամանակ առ ժամանակ հանդիպել՝ պայմանավորվեցինք այցելել մի քանի թանգարան ու գնալ ջազ համերգի, չնայած Սալոմեն չէր սիրում ջազ։ Շատ անգամ տանը ասում էինք թե իրար հետ հանդիպման ենք, սակայն իրականում ամեն մեկս իր գործին։ Բայց այդ խաղը ձանձրացնում էր ու խանգարում երկուսիս։ Ես ուզում էի երգել, աստված շնորհել էր գեղեցիկ ձայն, տատիս էր հաճախ կրկնում այդ խոսքերը, իսկ նա՝ մեկնել Ամերիկա շարունակել ուսումը։ Ուստի որոշեցինք արագացնել հարսանիքը որպեսզի շատ չանցած տանք իրար ազատություն։ Պետք էր տեսնել հորս դեմքը երբ հայտարարեցի, որ գժի նման սիրահարված եմ ու ինչքան շուտ ամուսնանամ այնքան լավ։ Խեղճ ծերուկը վաղուց էր երազել լսել այդ բառերը՝ ուստի ուրախությունից ոտքի նետվեց ու գրկեց ինձ։ Մայրս նույնպես ուրախացավ։ Միայն քույրս բերանը ծռեց ու աչքերով խոցեց ու հեռացավ իր սենյակ։ Լավ է բերանը չբացեց։
Մի շաբաթ անց գնացինք Սալոմեենց տուն։ Այնտեղ արդեն սպասում էին։ Ինչպես առաջ էին ասում խոսքը կտրեցին ու հարսանիքի օրը նշանակվեց։ Այն որ նշան էլ չէինք տվել ոչ մեկին ընդհանրապես չէր հուզում։ Ոչ մեկին չխանգարեց նաև մեծ պասը։ Մե՜ծ բան, եկեղեցի հետո կմտնեն։ Արագավազ հարսանիք էր սպասվում, կարծես Սալոմեի ծոցս մտնելուց հետո վայրկյանում բիզնեսը տասնապատիկ մեծանալու է, փողերը ամեն տեղից թափվելու են։